Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ ՉԷ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ` ԳՆՈՐԴ, ԻՄ ՁԱՅՆՆ ԷԼ` ԱՊՐԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ ՉԷ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ` ԳՆՈՐԴ, ԻՄ ՁԱՅՆՆ ԷԼ` ԱՊՐԱՆՔ
20.03.2012 | 00:00

Ես հայ եմ, Հայաստանի քաղաքացի, Երևանի բնակիչ։ Ճաշակել եմ մութ և ցուրտ տարիների բոլոր մեծ ու փոքր, դառն ու լեղի պտուղները` կտրոնով հացի հերթերից մինչև հարևան թաղամասից դույլով ջուր կրելիս` ձեռքերիս մատների ցրտահարման վտանգը։ Հավատարիմ եմ իմ երկրին, թեպետ ուրիշները վայելել են, ես նայել եմ, հավատարիմ եմ` ի տարբերություն երկրի փառքն ու բարիքները շատ ու շատ վայելողների։ (Չգրված օրենք է. պորտաբուծության գավը միշտ էլ երախտամոռության ջրով է լիքը։ Անտքնանք կուլ տվողների օրենսգրքի առաջին հոդվածն է սա։ Երկրորդը. որքան շատ ես պետության կրծքից օգտվում, այնքան շատ խոսիր երկրի և ժողովրդի անունից)։
Հայաստանը երկու զավակ ունի, հավաքական զավակ. մեծը` կյանքի դժվարությունների բովում խարկվող, անարդարությունների շաչուն մտրակի դեմ` անզոր, անօրինություններից` գրված, բայց չգործող օրենքով «պաշտպանված» խորթ զավակ, փոքրը` երկրի բարիքը խժռող, երկիրը ներսից թուլացնող, նրան թիկունքից հարվածող, իր օգտին սեփական և պետական գրպանները չզանազանող անառակ որդի, անառակ` բառիս բոլոր իմաստներով։
Խե՜ղճ Հայաստան, կանգուն ես մեծի շնորհիվ, կկործանվես փոքրի ձեռքով։ Ավա՜ղ...
Ոչ ոք չարություն թող չփնտրի իմ ոչ մի բառում, այս ամենն անհուն ցավով եմ գրում. ես այսպիսի Հայաստան չեմ ուզում, ինձ հզոր, արժանապատիվ, առողջ, երջանիկ հայրենիք է պետք, այդ բառերի էությանը ներդաշնակ հայրենիք։ Այլապես` «ամեն ինչ լավ է» ասողները (թեպետ ոմանց համար իսկապե՛ս այդպես է) աչքակապուկով են զբաղված, և երկրի խոցերը, ցավերը տեսանողներից հայրենասեր, բարի և լավատես չեն։
Մարդն ինչ ապրումներ ունենում է (զարմանք, զայրույթ, արգահատանք, ատելություն, հիասթափություն, արհամարհանք), բոլորը մեկ օրում կզգաս ու կապրես մեր երկրում։ Զարմանք` ժողովրդի բարոյական, մարդկային անկումից, զայրույթ` պատգամավորների 80 տոկոսի տգիտությունից և ախորժակից, արգահատանք` դատական և բժշկական ոլորտների հետ առնչություն ունենալուց, ատելություն` չինովնիկական, իշխանական որոշ ոլորտների հանդեպ, հիասթափություն` կուսակցական շատ ու շատ լիդերների անիմաստ կուրծք ծեծելուց։ Նաև` սեփական կյանքիդ հանդեպ արհամարհանք, անզորությանդ հանդեպ։ Ինչո՞ւ, ո՞վ է մի խումբ պաշտոնյաների իրավունք տվել մարդկանց այս աստիճան զզվանքի և հոգեկան անկման հասցնել։ Բարոյական և մարդկային ո՞ր կոդեքսով, գրված կամ չգրված ո՞ր օրենքով։
Քամում են երկիրը, նրա հերն անիծում` այս էլ քանի տարի։ Հին հույն փիլիսոփան հենման կետ էր ուզում` աշխարհը շուռ տալու համար։ Ապրե՛ն հայերը. էդ ե՞րբ գտան, ինչպե՞ս գտան չարաբաստիկ հենման կետը, որ էսպես շուռ տվին ամեն ինչ։ Ցավում եմ, բայց... հանճարե՛ղ է։
Ձևամոլներ և ձևացնողներ են ամենուր. ձևացնում են, թե աշխատում են։ Կես-սուտ, կես-ճշմարտության նման դա էլ մի ռումբ է, գուցե և ավելի ավերիչ և վտանգավոր։ Որո՞նք են, ըստ իրենց, աշխատանքը, բարեփոխումը, առաջընթացը. կաշառակերին աշխատանքից ազատելու փոխարեն նրա բերանը բարձր աշխատավարձով փակե՞լը, թե՞ երկիր կառուցած, շենացրած ու իրենց նվիրած թոշակառուի թոշակը 10 տոկոսով բարձրացնելը (պատկերացնո՞ւմ եք, միանգամից 2500 դրամո՜վ բարձրացում), և դրանից հետո բոլոր լրատվամիջոցներով 100- տոկոսանոց գովազդ և աղմուկ. ծափահարե՛լ է պետք մեր կառավարությանը, ինչպիսի՜ շռայլություն։ Ավելին բարձրացնել բյուջեն ի վիճակի չէ։ Անհարմա՛ր է...
Իբր փորձում են մաքրել համակարգը, կարգ ու կանոն հաստատել որոշ ոլորտներում. ապարդյուն է, անձերին փոխելու փոխարեն անազնիվ հոգեբանությունը պիտի արմատախիլ արվի, այլապես հորը հանում, նրա դաստիարակած որդուն են նշանակում, կամ էլ մի տեղից հանում, մեկ այլ տեղ են տանում. ո՞րն է իմաստը։
Ասում են` օրենքներն իմացիր, որ իրավունքներդ կարողանաս պաշտպանել։ Իսկ եթե օրենքը գիտես, բայց իրավունքներդ անկարող ես պաշտպանել տիրող անարդարության, լկտիության ոտնձգությունների՞ց։ Ավելի ցավոտ կտանես այս փաստը. չիմանալու դեպքում` գոնե չգիտես, իմանալու դեպքում ` վիրավորանքդ ու անզորությունդ կրկնակի ծանր կլինեն։ Ինչո՞ւ ոմանց համար այդքան բարդ է ազնիվ ապրելը, օրենքով աշխատելը։
Անկախության 20-ամյակի օրերին մի կուսակցապետ ասաց, որ մեր պետությունը դուրս է եկել մանկական տարիքից։ Ո՜Ւր էր թե. հապա էս կուսակցական, կառավարական, իշխանական, պատգամավորական զիլինաները, պահմտոցիները, բռնոցիներն ու տուն-տունիկներն ի՞նչ են, որ խաղում են իրար հետ, պետության հետ։ Չեմ ասում` ժողովրդի հետ. վերջինիս հետ միայն «տշոցի» են խաղում. էս «բարեփոխումից»` էն «բարեփոխում», էս փորձարկումից` էն փորձարկում, քաղցից` կիսակշտություն, անարդարությունից` նվաստացում, հուսահատությունից` կործանում։ Մի քանի տարի առաջ ասպարեզում ժողովրդի հոգսերով «տապակվողներ» կային, նրա ցավի բեռը ինքնակամ շալակելու ձգտողներ, արդարության, հավասարության կոչնակներ հնչեցնողներ, այնքան ուժգին, որ... Հանկարծ անհետացան, լռեցին, ո՞ւր են, ո՛չ իրենք կան, ո՛չ իրենց ձայնը։ Հետո պարզվեց, որ նրանց «սրտացավությունն» ընդամենը ցատկահարթակ էր դեպի աթոռ։ Խե՜ղճ ժողովուրդ։
Ո՞Ւր ես թաքնվել, հայ հոգու հավատ,
Հայտնվիր, պատվիդ բարձրացնեմ գավաթ։
Այսքանից հետո հավա՞տ կերևա, կամ գոյություն ունի՞ արդյոք, որ երևա։
Ի ցավ և համոթ մարդու, անշահախնդիր ոչինչ չկա մեր օրերում. ժողովրդից խլածի փշրանքները նետում են ժողովրդին` տեսախցիկներն ու լրագրողներին հետևներից քարշ տալով. տարփողեք իմ բարեգործությունը, մեծարեք ինձ։ (Հարգանքն ազնիվ բույս է, այն ստիպողաբար ո՛չ ծլում է, ո՛չ էլ պարտադրաբար աճում)։
Խղճի և ամոթի կշեռքն է անսարք դարձել, ոչ պիտանի. ամեն ինչ չափում են եսի, անձնական շահի կշեռքով, ավելի ճիշտ` չեն էլ չափում. ագահության, անամոթության փոցխով դեպի իրենց են քաշում երկրի, կյանքի բարիքների մեծը, շատը, ընտիրը, իսկ տակի մնացորդը թողնում են ժողովրդին («մեծահոգաբար»)։
Ազատությունն ու անկախությունն ամեն ոք իր դաստիարակությանը և էությանը համարժեք է ընկալում։ Հեռուստացույցով Ռուբեն Հովսեփյանը մի հուշ պատմեց Համո Սահյանի և իրենց շան մասին. երբ Սահյանը կապված շան վզի շղթան հանում է, ուրախությունից գժված շունը, Ռուբեն Հովսեփյանի պապի խնամքով ցանած, մշակած այգին ոտքերի տակ տալով, տրորում է։ Այդպես էլ ոմանք պետության և քաղաքի հետ են վարվում` ոչ մարդավարի տրորելով, փչացնելով, քանդելով ամեն ինչ։ Սթափվե՛լ է պետք. հայի մեջքը կոտրողն էլ է հայը, տունը քանդողն էլ։ Եթե ոմանք շարունակեն ինքնահավանության, եսասիրության բահը և ագահության, անհեռատեսության քլունգը տալ մեր թշնամիների ձեռքը, էս մի բուռ Հայաստանն էլ կկորցնենք։
Մոտենում են ընտրությունները, և իբր լսելի ու արժեքավոր է լինելու յուրաքանչյուր ընտրողի ձայնը։ Մի՛ խաբվիր և՛ մի ծախվիր, ժողովո՛ւրդ։ Խոստումների հեղեղները կանցնեն, սիրալիրության հրաբուխները կհանդարտվեն, ընտրակաշառքների ողորմելի շաքարաքլորը կհալվի բերանիդ մեջ հաշված րոպեներում, կմնաս կոտրած տաշտակիդ առաջ, որը կես դույլ ջուր էլ չի պահի իր մեջ, որ վիրավորանքիդ արցունքներն ու թաց քիթդ սրբելուց հետո ամոթիդ թաշկինակը լվաս։ Տիրոջ 10 պատվիրաններին հարկ է, որ գումարենք արդիական երկու պատվիրան ևս. մի՛ խաբվիր և մի՛ ծախվիր։
Հին թակիչով նոր ջուր են ծեծում. մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական լինեն ԱԺ ընտրությունները։ Եթե նպատակն արդար ընտրություն անցկացնելն ու ԱԺ-ից օլիգարխների ոտքը կտրելն է, համակարգը և ժողովրդի հոգեբանությունը փոխեք` շեշտը խղճի և ազնվության վրա դնելով։ Իսկ եթե նպատակը կշտանալն է (գերազանցապես), ապա ի՞նչ նշանակություն ունի` փլավը ափսեո՞վ են ուտում, թե՞ կաթսայի միջից։ Միգուցե ոմանց կոպիտ թվա, բայց երևույթը, կյանքն էլ է կոպիտ, հետևաբար ներդաշնակ են, իրար սազող։ Եվ հետո. գնաճի մամլիչի տակ ճզմվում եմ, իշխանավորի կամայականությունները տանում եմ, օրենքների անկատարությունը մաշկիս վրա զգում, գործազրկության պտուղները` խակ թե հասած, նեխած ու որդնոտ, ճաշակում եմ. էս բոլորին տեր եմ, ցավս արտահայտելու իրավունք չունեմ։ Կարծում եմ, ունեի։
Գայանե ԱԹԱՆՅԱՆ
Հ. Գ. -Ցավում եմ, որ այսպիսին է մերօրյա Հայաստանը (որին չեմ լքի, չեմ դավաճանի, ցավ չեմ պատճառի ոչ մի պարագայում. հատել է ուժը, և գիտե՞ք ինչից. բարության երաշտից և արդարության սովից։

Դիտվել է՝ 980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ